Համաձայն Կառավարության ծրագրի՝ մենք ներդնելու ենք առողջության համապարփակ ապահովագրությունը: Այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդարանում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում:
«Կառավարության ծրագրում նշված է ընդհանուր ներդրման ժամկետը՝ 2026 թվականը, այսինքն՝ մենք մեր ժամկետների մեջ տեղավորվելու ենք և իրականացնելու բոլոր խոստումները»,- պարզաբանեց առողջապահության նախարարը:
«Առաջիկայում օրենսդրական փաթեթը կգա խորհրդարան»,- ասաց Ավանեսյանը:
Նախարարը տեղեկացրեց՝ ապահովագրության ներդրման նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են:
«Այն փուլային է լինելու: Առաջիկայում կստեղծվի նաև հիմնադրամը, որը կսկսի նախապատրաստական աշխատանքների կարևորագույն փուլը՝ որակի բաղադրիչի իրականացման, ենթակառուցվածքների ապահովման և ծառայությունների ապահովմանը զուգընթաց վստահ եմ, որ մենք մեր ժամկետի մեջ՝ 2026-ին, ապահովագրական համակարգը ներդրված կունենանք»,- համոզմունք հայտնեց Ավանեսյանը: