2024 թվականի առաջին կիսամյակում ՀՀ ՀՆԱ-ն աճել է 6,5 տոկոսով: Այս աճը պայմանավորված է տնտեսության մի շարք ճյուղերում ավելացված արժեքի բարձրացմամբ: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 13-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով թվեր, որոնք, ըստ Գևորգ Պապոյանի, վկայում են Հայաստանի տնտեսական հաջողությունների մասին:
«Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով՝ 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կլինի 6 տոկոս, որով մենք կզբաղեցնենք 17-րդ տեղը 190 երկրների շարքում: Համեմատության համար նշեմ, որ Բալթյան երկրներում միջին աճը 0,5 տոկոս կլինի, եվրագոտում՝ 0,8 տոկոս, իսկ ԵԱՏՄ երկրներում՝ 4,6 տոկոս:
Թվերն ինքնին խոսուն են՝ փաստելով, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է գտնվել բարձր աճի փուլում, և հաջողությամբ դիմակայում է համաշխարհային մարտահրավերներին»,- ասաց նա: