ՔՊ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի տեղի ունենան արտահերթ ընտրություններ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Գյումրիում ծագած կառավարման ճգնաժամին, որն առաջացել է այն բանից հետո, երբ «Բալասանյան դաշինքի» ավագանու 14 անդամները հոկտեմբերի 28-ին մանդատները պաշտոնապես վայր են դրել:
Ըստ Ալեքսանյանի՝ այդ ամենից հետո Գյումրիում իրավական կազուս է ստեղծվել, և իրավական տարընթերցումներ կան այն մասով, թե երբ պետք է տեղի ունենան արտահերթ ընտրությունները, ու արդյոք կարո՞ղ են տեղի ունենալ ընտրություններ՝ առանց համայնքապետի պաշտոնակատարի, քանի որ, ըստ որոշ իրավաբանների, չեն կարող լինել ընտրությունններ, եթե չկա համայնքապետի պաշտոնակատար, որը ստորագրում է որոշումները: Այժմ, ըստ պատգամավորի, հարցն իրավական խնդիրների քննարկման փուլում է, մշակվում են մեխանիզմներ՝ կազուսը շրջանցելու:
«Միանշանակ քաղաքի վիճակը շատ է մեզ անհանգստացնում, ու ևս մեկ անգամ պիտի ասեմ, որ խստորեն դատապարտելի է «Բալասանյան դաշինքի» այն վարքագիծը, որ քաղաքը մատնել են անտերության, որ դրա պատճառով քաղաքային աշխատողներն աշխատավարձ չեն ստանում: Փաստացի քիչ է մնում, որ քաղաքը աղբի մեջ կորչի: Այդ ամենը մեզ համար խստորեն դատապարտելի է»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ ՔՊ-ն հրաժարվել է կոալիցիայի իր մասից, բայց ՔՊ-ն մանդատները վայր չի դրել, ու ըստ այդմ՝ կառավարման ճգնաժամ չի առաջացրել: ՔՊ-ն, ըստ Ալեքսանյանի, պարզապես սկսել է աշխատել որպես ընդդիմադիր:
Անդրադառնալով «Բալասանյան դաշինքի» վրա հնարավոր ճնշումների մասին խոսակցություններին` պատգամավորն արձագանքեց. «Եթե իշխանությունը որոշեր ճնշել ավագանու՝ մեծամասնություն կազմող խմբակցություններից մեկին, ապա կճնշեր այնպես, որ այդ մեծամասնություն չկազմող խմբակցությունից մի քանի հոգի կընտրեին ՔՊ խմբակցության թեկնածուին: Չկա նման բան: Դուք երբևիցե «Բալասանյան դաշինքից»՝ ինչ-որ մեկից, լսե՞լ եք նման բան»:
Ըստ Ալեքսանյանի՝ «Բալասանյան դաշինքը» վրեժ է լուծում Գյումրիից և գյումրեցուց, որն ընտրությունների ժամանակ իրեն չի տվել բավարար մեծամասնություն կազմելու հնարավորություն:
Ինչ վերաբերում է աշխատավարձերի, գնումների, ինչպես նաև դիզվառելիքի հետ կապված խնդիրներին, որոնք ծագել են Գյումրիում ստեղծված ճգնաժամից հետո, պատգամավորը պարզաբանեց. «Երեկ Շիրակի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել դեռևս մնացած պաշտոնյաների հետ: ՏԿԵ նախարարն էլ է թեմային քաջատեղյակ: Նրանք միասին մեխանիզմներ են մշակում, որպեսզի կոլապսի առաջ չկանգնի քաղաքը, որովհետև «Բալասանյան դաշինքի» կողմից անթույլատրելի վարքագծի հետևանքով անտերության է մատնվել հանրապետության երկրորդ քաղաքը»:
Վահագն Ալեքսանյանը խոսեց նաև քաղաքական ճգնաժամը լուծող հնարավոր սցենարի մասին, այն է՝ լուծումը նախագծի տեսքով կբերվի խորհրդարան, կընդունվի փաթեթ, որը հնարավորություն կտա Գյումրիում արտահերթ ընտրությունների գնալ: