Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ նաև ռազմարդյունաբերության ոլորտին, ասաց՝ գայթակղությունը շատ մեծ է՝ ասելու, որ հաջողել ենք:
«Հաջողելը սկսվել է այն ժամանակվանից, երբ Կառավարությունը որոշեց այդ ուղղությանը՝ գիտությանը և ռազմարդյունաբերությանը, անել այնպիսի հատկացումներ, որ այդ ոլորտը նորից սկսի շնչել»,- ավելացրեց պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը՝ նկատելով, որ խորհրդային տարիներին այդ ոլորտը բավական հաջողված էր Հայաստանում:
Նրա խոսքով՝ այդ ոլորտը մենք կորցրել էինք, ստեղծվել էր միջազգային բիզնես կենտրոն, որտեղ մեր բոլոր ռեսուրսները փոշիացվել էին:
«Հիմա այդ ռեսուրսների վերականգնման և արդիականացման ծրագրեր են իրականացվում, զարգանում է այդ ոլորտի հետ կապված գիտությունը, և դա անտես աչքով էլ տեսանելի է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր ռազմական արդյունաբերության որակական ցուցանիշը ավելի հաջողի, և հաջողում է»,- ասաց Քոչարյանը:
Նրա խոսքով՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի ներկայացրած նոր փոփոխությունները օրենսդիր դաշտում հնարավորություն են տալիս մեր արտադրողներին մեկ աստիճանով ավելի բարձրացնել ոլորտային զարգացումները: