Շարունակվում է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստը:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Անդրանիկ Քոչարյանը, ՀՀ 2025 թվականի պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ անդրադառնալով պաշտպանության նախարարության 2025 թվականի բյուջետային հատկացումներին, ընդգծեց՝ ոչ մի թվային տվյալ չի ներկայացնելու, քանի որ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն արդեն իսկ ներկայացրել է թվային տվյալները, տեղեկացրել ֆինանսական ավելացումների մասին, հայտնել՝ ինչ կառուցվածք են ունենալու կապիտալ ծախսերը:
Նրա խոսքով՝ հատկացումների ծախսային մասը հույս է ներշնչում, որ բանակի արդիականացումը և որակական ցուցանիշների ավելացումը թե՛ կադրային, թե՛ սպառազինության մակարդակում և թե՛ կառավարելիության մակարդակում առկա են լինելու:
Քոչարյանն անդրադարձավ ԶՈՒ կադրային ռեսուրսի օպտիմալացման հարցին, նշեց՝ «կադրային ռեսուրսի բացի հետ կապված» վերջերս օրենքում փոփոխություն է կատարվել, որպեսզի հնարավորություն ընձեռվի կենսաթոշակի պահպանման հիմքով որոշակի աստիճան ունեցող զինվորականների՝ իրենց ծառայությունը շարունակել զինված ուժերում, մինչև ամբողջ համակարգն իր կադրային շղթան ամբողջությամբ կկառուցի:
Նրա խոսքով՝ որոշ ժամանակ անց մենք կունենանք և՛ ներքին սպայակազմի, և՛ վերին սպայակազմի համալրված այնպիսի մակարդակ, որ ժառանգականության սկզբունքով անցումները կլինեն առանց ցնցումների:
«Մեր եղած ռեսուրսը պետք է ինչքան հնարավոր է մաքսիմալ էֆեկտիվ օգտագործենք: Եթե կադրային համալրման խնդիրը մենք կարողանանք էֆեկտիվ լուծել, կունենանք կառավարման այնպիսի համակարգ, որը մեզ հեռու կպահի բանակում այն երևույթներից, որին առնչվում ենք այս տարի գուցե ավելի քիչ, դրանք ինքնասպանությունները, սպանություններն են:
Եթե մեթոդաբանության խնդիրներն էլ կարողանանք ի մի բերել, թե այդ վիճակագրությունը ինչի հետևանքով է, փաթեթը ոնց է կառուցվում, կտեսնենք, որ, այնուամենայնիվ, բանակը այս հարցում որոշակի աշխատանքներ կատարել է, և պետք է զարգացնել դրանք»,- խոսքը եզրափակեց Քոչարյանը: