Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են: Երեկ ընդդիմությունը հանրահավաք է կազմակերպել Վրաստանի խորհրդարանի դիմաց «Մենք Եվրոպա ենք» կարգախոսի ներքո: Ակցիայի մասնակիցները բողոքել են երկրում անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներից և աջակցություն հայտնել Վրաստանի եվրոպական ինտեգրմանը:
Հանրահավաքի ընթացքում ելույթ են ունեցել Թբիլիսի մեկնած եվրոպացի պատգամավորներ՝ Բալթյան երկրներից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից և Շվեդիայից: Նրանք վստահություն են հայտնել, որ Վրաստանը կդառնա ԵՄ անդամ, կոչ արել չշեղվել այդ ուղուց։ BBC-ի տվյալով՝ նրանք միացել են բողոքի ակցիայի մասնակիցներին Վրաստանի նախագահի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ընդդիմադիր ակտիվիստների հետ հանդիպումներից հետո։
Վրաստանի վարչապետը Բաքվում COP-29-ի շրջանակում հայտարարել է, որ ընդդիմությունը հաջողության չի հասնի, քանի որ չի վայելում հանրության աջակցությունը: Իրակլի Կոբախիձեն համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կճանաչի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրության արդյունքները, որոնց համաձայն՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: