Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Հունգարիայի ՆԳ նախարարի հրավերով Բուդապեշտում է
Հունգարիայի Ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերի հրավերով Հայաստանի Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Բուդապեշտում է։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Նոյեմբերի 11-ին Հունգարիայի ՆԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են կադրերի վերապատրաստման, կրթական ոլորտում փոխգործակցության ամրապնդման, կոնկրետ ուղղություններով փորձի փոխանակման, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր։
Վահե Ղազարյանը ներկայացրել է Հայաստանի ՆԳ նախարարության բարեփոխումների ընթացքը՝ ընդգծելով ենթակա ծառայություններում արձանագրված ձեռքբերումները։
Անդրադառնալով Հունգարիայի ՆԳ նախարարության առջև դրված խնդիրներին՝ Շանդոր Պինտերը ներկայացրել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության, քաղաքացիների նույնականացման և տվյալների բազաների հետ աշխատանքի վերաբերյալ մանրամասներ։
Վահե Ղազարյանը հետաքրքրվել է քաղաքացիների նույնականացման, տվյալների բազաներում տեղեկատվության մուտքագրման և վերահսկման գործիքակազմով։
Շանդոր Պինտերը պատրաստակամություն է հայտնել հարկ եղած դեպքում կազմակերպել փորձի փոխանակում և դասընթացներ:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ամրապնդելու երկկողմ համագործակցությունը։