Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի 2024 թվականի նոյեմբերի 12-ի վճիռները, որով Դատարանը ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվեցիայի շրջանակում ներկայացված Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով և մեծամասամբ բավարարեց Հայաստանի ներկայացրած առարկությունները Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով:
Դատարանը մասնավորապես գտել է որ Կոնվենցիայի 22-րդ հոդվածով նախատեսված պայմանները պահպանվել են: Մասնավորապես՝ Հայաստանը բանակցել է բարեխղճորեն, բանակցվող հարցերի նկատմամբ կիրառելի է եղել կոնվենցիան և Հայաստանի կողմից գանգատ ներկայացնելու դրությամբ՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, բանակցությունները ձախողված են եղել:
Դատարանը նաև ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի նախնական առարկությունները, որոնք վերաբերում էին դատարանի առարկայական իրավազորությանը (ratione materiae): Մասնավորապես դատարանն արձանագրեց, որ Հայաստանի պահանջները, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի սպանություններին, խոշտանգումներին և անմարդկային վերաբերմունքի դեպքերին, ինչպես նաև ազատազրկումներին և բռնի անհետացումներին, բխում են կոնվենցիայից:
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով
Դատարանը բավարարեց իր՝ ժամանակային և առարկայական իրավազորության վերաբերյալ Հայաստանի նախնական առարկությունները: Արդյունքում, Ադրբեջանի պահանջներն ընդդեմ Հայաստանի, որոնք վերաբերում են 1996 թվականի սեպտեմբերի 15-ից առաջ տեղի ունեցած ենթադրյալ խախտումներին, ինչպես նաև ենթադրյալ բնապահպանական վնասներին, մերժվեցին ամբողջությամբ։ Դատարանը նաև անդրադարձել է Հայաստանի առարկությանը, որը վերաբերում էր Ադրբեջանի ներկայացրած՝ ականապատումների և պայթուցիկների վերաբերյալ պնդումներին։ Դատարանը որոշել է, որ այս պահանջները բխում են Կոնվենցիայից և դատարանը դրանց կանդրադառնա գործի ըստ էության քննության ընթացքում։