ՀՀ կառավարությունն ամեն օր՝ 2020 թվականից սկսած, աշխատում է Ադրբեջանում պահվող ռազմագերիներին և այլ պահվող անձանց Հայաստան օր առաջ վերադարձնելու համար: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Ոչ մի օր այդ աշխատանքը չի դադարել, և այդ աշխատանքը կատարելու ու շարունակելու համար հարկավոր չէ որևէ այլ առիթ:
Այստեղ նշվեց, թե COP-ը լավագույն առիթն է, որպեսզի մենք հանդես գանք այս նախաձեռնությամբ: Ուզում եմ նշել, որ ՀՀ կառավարությունը և կառավարող մեծամասնությունը չի փնտրում առիթ, որ զբաղվի այս հարցով: Մենք այս հարցով զբաղվում ենք ամենօրյա ռեժիմով»,- ասաց նա և հավելեց՝ եթե ընդդիմադիր պատգամավորների համար առիթ է պետք, որ այդ աշխատանքն արվի, Կառավարության համար առիթ պետք չէ, որովհետև ամեն օր զբաղվում են այդ աշխատանքով:
Դիմելով ընդդիմությանը՝ Կոնջորյանը հայտարարեց. «Այս նիստը, հայտարարության տեքստը, հայտարարությունը՝ որպես մեխանիզմ, որպես գործիք, չի ծառայում իր նպատակին, ինչը դուք փորձում եք այստեղ ներկայացնել: Մինչև պարոն Ռուբինյանի ելույթը մեզանից ոչ մեկը չէր խոսել, բայց ձեզանից մի քանի հոգի հասցրել էր մեզ շանտաժ անել՝ այ, հեսա կտեսնենք՝ կքվեարկեք, թե չեք քվեարկի, ինչը նորից բյուրեղացնում է այն, որ դուք փորձում եք գերիների հարցը ծառայեցնել որպես ներքաղաքական կապիտալ կուտակելու միջոց»:
Կոնջորյանը նաև հայտարարեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդդիմության հայտարարությունը չի լուծում խնդիրը, իսկ իշխող թիմը չի կարող սխալ գործիքներով խնդիրներին ճիշտ լուծումներ տալ, հետևաբար ՔՊ-ն չի մասնակցի քվեարկությանը:
Հիշեցնենք՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով խորհրդարանում անցկացվում է «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկում: