2025 թվականի հարկային ծախսերը գնահատվում են մոտավորապես 780 մլրդ դրամ կամ 2 մլրդ դոլար, այսինքն՝ այդքան գումար պետությունը չի հավաքում. ոչ թե ստվերում է, այլ հրաժարվել է՝ արտոնություններ տալով: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 12-ի նիստին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
«Դրանց մեջ մտնում են առողջապահության ոլորտը, կրթության և ՏՏ ոլորտները, գրեթե բոլոր ոլորտները այս կամ այն չափով կան: Իսկ սա բավականին մեծ թիվ է: Կարծում ենք՝ մենք պիտի հարկային ծախսերի այս գումարի վերաբերյալ լուրջ քննարկումներ ունենանք ու հասկանանք՝ դրանց որ մասն է արդարացված, որ մասը՝ չէ»,- ասաց նա:
Այս համատեքստում Բաբկեն Թունյանը նաև նկատեց՝ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ մակրոտնտեսական շրջանակը ճիշտ չպլանավորելու հետևանքով նախատեսված քանակի հարկեր հավաքելը դառնա խնդիր, այսինքն՝ տնտեսությունն ի վիճակի չլինի այդքան հարկեր գեներացնել, մինչդեռ արդեն իսկ ֆիքսված լինեն որոշակի պարտավորություններ, որոնք պետք է կատարվեն:
«Ի՞նչ է լինում դրա հետևանքով: Դրա հետևանքով կա՛մ հարկային վարչարարությունն է խստացվում, կա՛մ քաղաքականությունը, ինչն իր հերթին բերում է ներդրումային միջավայրի վատթարացման, գրավչության անկման, ըստ այդմ՝ հարկերի նվազման կամ պետական պարտքի ավելացման:
Այս առումով մեր պետական բյուջեի եկամտային մասը բավականին հավասարակշռված է: Այն քննադատությունը, թե ինչու է հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը եկող տարվա համար փոքր չափով ավելացել..., ավելացել է այն չափով, որ չափով մեր տնտեսությունը կարող է սպասարկել»,- ասաց նա: