2025 թվականի համար ծրագրավորվել է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ընթացիկ տարվա սպասվող ցուցանիշի համեմատ 0,7 տոկոսային կետով աճ, որի արդյունքում հարկերը կկազմեն ՀՆԱ-ի 25 տոկոսը: Հատկանշական է, որ վերջինս ենթադրում է որոշակի պահպանողական մոտեցում և զիջում է միջնաժամկետ ծրագրով նախանշված համամասնությանը և չնայած դրան՝ գնահատվում է, որ 2025-ին բյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա հիմնականում կունենան զսպող ազդեցություն: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 12-ի նիստին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նա կարևորեց 2025-ին հարկային վարչարարության և օրենսդրական նախաձեռնությունների միջոցով հարկերի հավաքումը բարելավող լծակների ձևավորումը և արդյունավետության ապահովումը:
«Հարկաբյուջետային ծախսային քաղաքականությունը 2025 թվականին ևս շարունակելու է կապիտալ ծախսերի աճի թիրախավորումը՝ տնտեսական աճին նպաստելու և տնտեսության ներուժի պահպանման նպատակով: Այնուամենայնիվ, կապիտալ ծախսերի ծրագրվող աճը նախորդ տարիների համեմատ կլինի ավելի դանդաղ՝ 0,3 տոկոսային կետ ՀՆԱ-ում: Փոխարենը որոշակի առաջանցիկ աճ կդրսևորեն ընթացիկ ծախսերը՝ ՀՆԱ-ում 0,8 տոկոսային կետ, որի արդյունքում ընդհանուր պետական ծախսերը ՀՆԱ-ում կաճեն 1,1 տոկոսով՝ կազմելով 31,5 տոկոս: Արդյունքում ամբողջական պահանջարկի վրա պետական ծախսերը կունենան ընդլայնող ազդեցություն:
Հատկանշական է, որ միջնաժամկետ ծրագրերի համեմատությամբ բյուջեի նախագծում նախատեսված են կապիտալ ծախսերի գծով 0,4 տոկոսային կետ ավելի ցածր, իսկ ընթացիկ ծախսերի մասով՝ 0,4 տոկոսային կետ ավելի բարձր ցուցանիշներ»,- պարզաբանեց Մարտին Գալստյանը:
Այսպիսով՝ ՀՆԱ-ում հարկերի նախանշված աճի և ծախսերի զգալի ավելացման արդյունքում բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի հարաբերակցության գծով ծրագրվել է մինչև ՀՆԱ-ի 5,5 տոկոս մակարդակ, ինչի արդյունքում հարկաբյուջետային քաղաքականությունն ամբողջական պահանջարկի վրա կունենա չեզոքից մի քիչ փոքր՝ ավելի ընդլայնող ազդեցություն:
Նախանշված հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2025-ին Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը նախորդ տարվա համեմատ կաճի ավելի մեծ չափով՝ 3,2 տոկոսային կետով, և կկազմի 53 տոկոս՝ ձևավորվելով հարկաբյուջետային կանոններով սահմանված շեմային 50 տոկոսից բարձր մակարդակում: