Սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ բանկային համակարգում ավանդներն ընդհանուր 5 տրիլիոն 387 միլիարդ դրամ են, վարկերը՝ 5 տրիլիոն 499 միլիարդ, այսինքն՝ շատ մոտ են իրար: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 12-ի նիստին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Հարցին՝ բացի վարկային պրոդուկտներից՝ որոնք կարող են լինել սպառողական, բիզնես վարկերի տեսքով և ունեն որոշակի տոկոս, որն ավելի է ավանդներից, կա՞ արդյոք հնարավորություն, որպեսզի այս միջոցները գնան կապիտալի շուկա, ու մարդիկ ոչ միայն ներդնեն ավանդներ, այլև ձեռք բերեն պարտատոմսեր, բաժնետոմսեր, ԿԲ նախագահը արձագանքեց՝ հարցը շատ կարևոր է, և այդ ուղղությամբ աշխատանք կատարվում է:
«Այդ ուղղությամբ աշխատում ենք ֆինանսների նախարարության հետ, որովհետև Կառավարությունն ունի կապիտալի շուկայի զարգացման հայեցակարգ, ու մենք դրա առանցքային խաղացողներից մեկն ենք»,- ասաց նա: