2025-ի բյուջեի ծրագրում նախանշված մակրոտնտեսական կանխատեսումներն արտացոլում են նախորդ տարիների տնտեսական բարձր աճի գործոնների ազդեցությունների աստիճանական չեզոքացումը և երկարաժամկետ կայուն գործոնների վրա հիմնված տնտեսական աճի ձևավորումը: Վերջինս ենթադրում է միջնաժամկետ ծրագրի համեմատ տնտեսական աճի ավելի ցածր մակարդակի թիրախավորում: Այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ԱԺ լիագումար նիստում ներկայացնելով ԿԲ-ի եզրակացությունը 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ:
Նրա խոսքով՝ արդյունքում 2025 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունն առաջնորդվելու է 5,6 տոկոս տնտեսական աճի ապահովման նպատակադրմամբ՝ շեշտադրելով հարկաբյուջետային և պարտքի կայունության, ինչպես նաև տնտեսական ներուժի՝ վերջին տարիների ձևավորած մակարդակի պահպանումը:
«Գնահատվում է, որ 2025 թվականի տնտեսական աճի նպատակադրված մակարդակի ապահովման հրամայականը կդառնա տնտեսական ներուժի պահպանմանը և աճի ավելացման համար անհրաժեշտ կառուցվածքային բարեփոխումների արդյունավետ իրականացումը:
Այդուհանդերձ, 2025-ին ՀՀ կառավարության նպատակադրած տնտեսական աճի ապահովումն էապես կախված կլինի ներդրումային միջավայրի բարելավմանն ու արտահանման խթանմանն ուղղված, ինչպես նաև ենթակառուցվածքներում ներդրումային ծրագրերի ամբողջական ծավալներով և սահմանված ժամկետներում իրականացման կարողություններից և արդյունքներից»,- նշեց Գալստյանը՝ ընդգծելով, որ այս պարագայում էապես կարևորվում է կապիտալ ծախսերի դերի շարունակական բարձրացումը, հատկապես ենթակառուցվածքներին ուղղված ծրագրերի ամբողջական և արդյունավետ իրականացման համար:
ԿԲ նախագահի խոսքով՝ ստեղծված աշխարհաքաղաքական և տնտեսական անորոշության պայմաններում առկա են էական ռիսկեր տնտեսական ներուժը պայմանավորող գործոնների կայունության և տնտեսական հեռանկարների հնարավոր սցենարների տեսանկյունից:
«Այս առումով ողջունելի է, որ 2025 թվականի ՀՀ պետական բյուջեի ծրագրում դիտարկվել են դրա հիմքում դրված հիմնական կանխատեսումներից հնարավոր շեղումների հնարավոր ռիսկերն ու անորոշությունները, գնահատվել դրանց ի հայտ գալու պարագայում բյուջեի հոսքերի և հարկաբյուջետային քաղաքականության շրջանակի ճշգրտման ուղղությունները»,- ասաց Մարտին Գալստյանը:
Ռիսկերի արդյունավետ կառավարման տեսանկյունից նա կարևոր համարեց Պահուստային ֆոնդի ձևավորման և դրա օգտագործման խիստ սահմանափակումների առկայությունը՝ ուղղված բացառապես մակրոտնտեսական ռիսկերից բխող հնարավոր լրացուցիչ ֆինանսական պահանջների ծածկմանը: