Այս պահի դրությամբ 12-ամսյա գնաճը, որը մեր թիրախն է, 0,6 տոկոս է օրենսդրի կողմից մեզ համար կանխանշված 4 տոկոսի համեմատ, այսինքն՝ մենք թիրախից ցածր ենք: Բայց ակնկալում ենք, որ տարվա վերջին գնաճի թիվը մի քիչ կբարձրանա, կլինի 2 տոկոսին մոտ: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 12-ի նիստին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Մյուս տարի մենք կլինենք թիրախին շատ ավելի մոտ, մոտ 4 տոկոս գնաճ ենք ունենալու, որը, մեր պատկերացմամբ, շատ խելամիտ քաղաքականություն է, որովհետ, հիշում եք` մենք մի քանի տարի անընդմեջ ունեցանք բարձր գնաճ՝ պայմանավորված քովիդի հետևանքներով, հետո՝ ռելոկանտների հետ կապված արտաքին պահանջարկով և այլն, ու մեր վերջին երկու տարիների ցածր գնաճը, կարծում ենք, բավականին խելամիտ ենք անում»,- ասաց նա:
ԿԲ նախագահը նաև նկատեց՝ գեոպոլիտիկան կարող է ազդել տնտեսության վրա, բայց չի կարելի բացառել նաև այն դրվագները, երբ տնտեսությունն է ազդում գեոպոլիտիկայի վրա:
«Տեսանք վերջերս առնվազն 1 գերընտրություն, որտեղ 3 պատճառներից մեկը, որ իշխանության գտնվող կուսակցության թեկնածուն պարտվեց, հենց գնաճն էր կամ ժողովորդի իրական եկամուտների չաճելը: Այդ տեսանկյունից կարծում ենք, որ այն քաղաքականությունը, որն իրականացնում է ԿԲ-ն, բավականին հաշվեկշռված է ու ճիշտ»,- ասաց նա: