ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ լրագրողները ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանից հետաքրքրվեցին, թե արդյոք ՔՊ-ում առկա՞ են խմորումներ:
«Չկա այդպիսի բան, բայց ես նաև հիշում եմ, որ երևի 90-ականների վերջերից այդ հարցը հնչում է. իշխանության ներսում խմորում կա՞, թե՞ չէ»,- նշեց պատգամավորը:
Արձագանքելով այն հարցին, թե արդյոք իշխանության ներսում կա՞ն տարբեր թևեր՝ Սիսակ Գաբրիելյանն ասաց.
«Ինձ թվում է՝ կա մի թև. դա մեր ծրագիրն է, որով առաջ ենք շարժվում: Իսկ մնացածն ինձ թվում է՝ ինչ-որ բնական երևույթներ են, որոնց մասին, ենթադրաբար, Ֆրանսիայում լրագրողները հարց են տալիս իրենց կառավարող ուժին, Միացյալ Նահանգներում և այլն»:
Նա նշեց, որ չի եղել Կառավարության ծրագրի մի դրույթ, որի հետևից իշխանությունը մինչև վերջ չի գնացել:
«Ես կարծում եմ, որ այսօր ժողովուրդը չի դիմում ընդդիմության ցանկալի պայքարի մեթոդներին, որովհետև շատ լավ գիտակցում է, որ ինքը գնում է ընտրատեղամաս, և իր քվեն չի կեղծվում: Ժողովուրդն ունի հնարավորություն ինձ՝ որպես կառավարող ուժի, հեռացնելու, այսինքն՝ եթե այդ գործիքակազմը կա, ինքը կկիրառի: 2026 թվականին ընտրություններ են, ես այս հարցում կասկած չունեմ, որ տեղի են ունենալու ժողովրդավար, ազատ և թափանցիկ ընտրություններ»,- ասաց պատգամավորը: