2025-ին կարիք ունենք ապագայից որոշ ծախսեր առաջ բերել, և դրանով է պայմանավորված 5,5 տոկոս դեֆիցիտը, որը 609 մլրդ դրամ է կազմում: Բայց մենք բյուջետային փաստաթղթում նաև ներկայացրել ենք առաջիկա տարիների ֆիսկալ շրջանակը, որով ցույց ենք տվել, թե ինչպես ենք այդ դեֆիցիտի մակարդակն իջեցնելու առաջիկա տարիներին: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 12-ի նիստին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Կառավարության ծրագրում ինչ գրված է, իրականացրել ենք, և արդեն 2024 թվականի արդյունքներով մենք գրեթե հասել ենք 50/50 հարաբերակցության՝ ներքին և արտաքին պարտքի (48/52, եթե ճիշտ եմ մտաբերում հիմա), այսինքն՝ այս մասով նույնիսկ առաջ ենք անցել նրանից, ինչ նպատակ դրել էինք մեր առաջ, որովհետև Կառավարության ծրագրի սկզբում այդ հարաբերակցությունը գրեթե 25/75 էր:
Ինչ վերաբերում է հաջորդ տարվա հարաբերակցությանը, ապա սա պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ Հայաստանի պարտատոմսերի շուկայում պահանջարկի մակարդակով»,- ասաց նա:
Ավելացել են նաև պարտքի սպասարկման գծով ծախսերը, ըստ նախարարի՝ այժմ վերլուծություններ են իրականացվում՝ հասկանալու, թե որը կլինի ամենաօպտիմալ հարաբերակցությունը մյուս տարվա համար, որպեսզի ճնշում չգործադրվի տեղական շուկայի վրա, որը կարող է բերել տոկոսադրույքների բարձրացմանը. «…Որովհետև մեր նպատակն է ԿԲ-ի տոկոսադրույքներին համահունչ նաև նվազեցնել պետական պարտատոմսերի տոկոսադրույքները»: