ԵԱՏՄ-ի շրջանակում ունենք քվոտա, որն օգտագործում ենք: Մենք որոշում ենք մեր քաղաքականություններին համապատասխան՝ այդ քվոտայից օգտվե՞լ, թե՞ չօգտվել: Մենք կարող ենք որոշել նաև չբաշխել ընդհանրապես [քվոտան]: Դա պոզիտիվ պարտավորություն չէ, որ մենք իրականացնում ենք: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 12-ի նիստին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ արձագանքելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի այն դիտարկմանը, թե ՊԵԿ-ը տեղեկացրել է, որ Կառավարությունում քննարկվելու է մի նախագիծ, ըստ որի՝ էլեկտրական մեքենաների քվոտայի՝ մյուս տարվա բաշխումը տեղի է ունենալու այլ մեխանիզմով: Այսինքն՝ եթե որոշումն ընդունվի, ԱԱՀ-ից կազատվեն միայն 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված մեքենաները: Արսեն Թորոսյանը կարծում է՝ եթե ընդունվի նախագիծը, այն անկանխատեսելի շրջադարձ կարող է դառնալ արդեն իսկ էլեկտրական մեքենա ձեռք բերած քաղաքացիների համար:
Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ նոր քաղաքականության նպատակն այն է, որ այդ արտոնությունը պետք է տրվի նոր մեքենաների ներմուծմանը:
«Սա տրամաբանական է, կարծում եմ, որովհետև մենք չենք ուզում, որ Հայաստանում նախկինի նման ներմուծվեն հին մեքենաներ, և Հայաստանը դառնա այդ մեքենաների համար ուտիլիզացիայի տեղ հետագայում կամ կարճ ժամանակ հետո: Այսինքն՝ մենք կուզենանք այնպիսի մեքենաներ ներմուծել, որոնց ծառայության ժամկետը հնարավորինս երկար կլինի»,- ասաց նախարարը:
Արսեն Թորոսյանն արձագանքեց՝ կստացվի, որ ճանապարհի կեսից խաղի կանոն է փոխվում, մանավանդ որ արդեն իսկ ձեռք բերված մեքենաներին էլ է դա վերաբերելու, ապա հորդորեց որոշումն ընդունելիս այս հարցի մասին մտածել:
Վահե Հովհաննիսյանն արձագանքեց՝ էլեկտրական շարժիչով մեքենաներին արտոնություն տալու վերաբերյալ քննարկումները միանշանակ չեն: Տարբեր վերլուծություններ կան, թե ինչպիսի ծախս է արվում էլեկտրական մեքենաներ արտադրելու և սպասարկելու համար ավանդական շարժիչով մեքենաների համեմատությամբ:
«Այստեղ էլ մտածելու և մեր երկարաժամկետ քաղաքականությունները որոշելու խնդիր ունենք: Իհարկե, մենք ողջունում ենք նաև էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումը և Հայաստանում դրա զարգացումը, և կարծում եմ՝ ընդհանուր առմամբ այն բոլոր արտոնությունները, որոնք կան այս ուղղությամբ, ադեկվատ են այդ քաղաքականություններին»,- ասաց նա:
Նախարարը նաև նշեց, որ առաջիկայում ԱԺ-ում համապարփակ կներկայացվի աշխարհի փորձը էլեկտրական շարժիչով մեքենաների մասով, թե ինչ պրակտիկաներ կան, և այս համատեքստում կարող են մոտեցումներ վերանայվել: