Չնայած դժվարին մարտահրավերներին և վերջին տարիների բարձր աճերից հետո տնտեսական ակտիվության տեմպերի բնականոն նորմալացմանը՝ ՀՀ տնտեսությունը դրսևորել է բավականին բարձր դիմադրողականություն, այդ թվում՝ շնորհիվ ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի կողմից խելամտորեն մշակված և արդյունավետ կերպով իրականացված մակրոտնտեսական քաղաքականությունների: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խորհրդարանում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացման ընթացքում:
Նրա խոսքով՝ հենց այդ քաղաքականությունների շնորհիվ, մասնավորապես, տնտեսական աճի և ակտիվության տեմպերը շարունակում են բարձր մնալ: Այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 6,5 տոկոս տնտեսական աճ, իսկ հունվար-հուլիսին՝ 9,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ:
«Այս պայմաններում 2024 թվականին տնտեսական աճը կանխատեսվում է 5,8 տոկոս, իսկ 2025 թվականին՝ 5,6 տոկոս: Բացի դրանից՝ տնտեսության բարձր դիմադրողականության վկայությունն է նաև այն, որ ըստ գնահատականների՝ տնտեսության ներուժային աճը նախկին 4-4,5 գնահատված միջակայքից աճել է՝ հասնելով 5-5,5 միջակայքի:
Դրա վրա, ի թիվս արտաքին գործոնների, իրենց ազդեցությունն են ունեցել նաև ՀՀ կառավարության այնպիսի նպատակաուղղված քաղաքականությունները, ինչպիսիք են ենթակառուցվածքներում պետական ներդրումների շարունակական ավելացումը, տարբեր ապրանքային շուկաներում մրցակցության բարձրացումը, բիզնես միջավայրի բարելավումը, ՏՏ ընկերությունների համար մրցունակ էկոհամակարգի ձևավորումը, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների՝ աշխատանքի շուկայում ինտեգրման մեծ ջանքերը»,- նշեց նա՝ ընդգծելով, որ տնտեսական աճը և անվտանգության բարձր զգացումը պետք է հետ պտտեն արտագաղթի անիվը:
«Մեր հայրենակիցներին պետք է հաղորդեն այն վստահությունը, որ հայրենիքն է աշխատանքի արդյունքը վայելելու և սեփական ստեղծագործական գաղափարները իրացնելու լավագույն վերջնակետը, ինչն էլ նկատի ունենք «Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կաց» բանաձևով»,- ասաց Հովհաննիսյանը: