Բյուջեի նախագծում արտացոլված թվային ցուցանիշների բազմությունը հաճախ անհասկանալի է թվում մեր քաղաքացիներին, սակայն բացարձակ ցուցանիշներից զատ՝ կարևոր է դիտարկել դրանց հիմքում գտնվող ոլորտային առաջնահերթությունները և գնահատել դրանց նպատակայնությունը:
Այս մասին խորհրդարանում ներկայացնելով 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը՝ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ 2025-ի բյուջեն, շարունակելով Կառավարության առաջնահերթ ուղղություններով աշխատանքը, նպատակ ունի զգալիորեն բարձրացնել ծախսերի արդյունավետությունը:
«2025 թվականի համար ունենք հստակ ձևակերպված խնդիր: Գալիք բյուջետային տարում պետք է կոնսոլիդացնել ուժերը և ապահովել Կառավարության ծրագրի էական առաջընթաց՝ խնայելով հնարավորության սահմաններում և ֆինանսավորելու այն ծրագրերը, որոնք միտված են երկարաժամկետ հեռանկարով երաշխավորելու ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, քաղաքացիների կենսամակարդակը, ինչպես նաև նպաստելու տնտեսության ներուժի ընդլայնմանը»,- նշեց ֆինանսների նախարարը:
Նրա խոսքով՝ 2025-ի բյուջեի նախագիծը քննարկելիս պետք է անդրադառնանք մի քանի կարևոր դրույթների, մասնավորապես՝ թե ինչու ենք կարևորում ծախսերի արդյունավետության բարձրացումը, ընդգծեց՝ ներկա զարգացումները ստիպում են դիվերսիֆիկացնել ու ամրապնդել անվտանգային համակարգերը, հետևապես երկրի տնտեսական ու անվտանգային դիմադրողականության բարձրացումը գերառաջնահերթություն է:
Նախարարը պարզաբանեց՝ Հայաստանի Հանրապետության բյուջեն ձևավորվում է Հայաստանի շուրջ 750 հազար քաղաքացիների և օտարազգիների, ինչպես նաև շուրջ 130 հազար տնտեսվարողների հարկերի շնորհիվ:
«Հերո՞ս են արդյոք այս բոլոր մարդիկ, հերոս չէ՞ արդյոք այն միայնակ մայրը, որը հոգ է տանում իր երեխաների կրթության համար, միաժամանակ կատարում վարձու աշխատանք, վաստակում, օրինակ՝ 200 հազար դրամ աշխատավարձ և դրանից վճարում 40 հազար դրամ եկամտահարկ՝ գիտակցելով, որ այդ հարկերից են աշխատավարձ ստանում ուսուցիչները, կառուցվում ճանապարհները և ամրապնդվում անվտանգային համակարգը»,- նշեց նախարարը՝ ընդգծելով, որ այս և շատ այլ իրական հանգամանքներ հաշվի առնելով է, որ պետք է վերանայենք հերոսության մասին մեր պատկերացումները և ընդունենք, որ ամենօրյա տքնաջան աշխատանքը նույնպես խիզախություն ու ջանք է պահանջում:
Հովհաննիսյանի խոսքով՝ այս ամենի հետ մեկտեղ կան նաև մարդիկ և ձեռներեցներ, որոնք ցանկանում են արտոնյալ լինել և ընդդիմանում են, երբ «փորձում ենք վերականգնել խախտված արդարությունը և մոտեցնել տարբեր հարկման համակարգերի հարկային բեռը»:
«Որպեսզի կանխենք նմանատիպ խնդիրները, պետք է առաջին հերթին հետևողական աշխատանք տանենք ավելի բաց քննարկումների, իրազեկման ու փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակությունը բարձրացնելու միջոցով: Մենք պետք է նաև պարզեցնենք և թվայնացնենք ընթացակարգերը, որպեսզի մեր գործարարները ավելորդ ռեսուրս և ժամանակ չծախսեն հարկային ճիշտ հաշվարկներ անելու համար, և ամենակարևորը՝ պետք է կարողանանք ցույց տալ մեր հարկ վճարողներին, թե ինչպես է իրենց վճարած հարկը վերադառնում իրենց՝ բազմապիսի ծառայությունների և բարիքների տեսքով»,- ընդգծեց ֆինանսների նախարարը:
Յուրաքանչյուր հարկ վճարող, ըստ նրա, պետք է վստահ լինի, որ մենք հոգատար ենք իր վճարած ամեն մի դրամի նպատակային ծախսման համար: