Տնտեսական աճը ՀՀ Կառավարության հայտարարած քաղաքականությանը համահունչ ներառական է եղել, այն ուղեկցվել է, մի կողմից, զբաղվածության աճով, մյուս կողմից՝ միջին աշխատավարձերի, գնաճի տեմպերն էապես գերազանցող աճով, ինչպես նաև անհավասարության և աղքատության մակարդակի նվազմամբ: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 12-ի նիստին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2025 թվականի պետական բյուջեի օրենքի նախագիծը:
«Այս փոփոխությունների մասշտաբն առավել հստակ պատկերացնելու համար պետք է նշել, որ 2024 թվականի հունվար-սեպտեմբերին վարձու աշխատողների թիվը շարունակել է աճել՝ արձանագրելով 5 տոկոս աճ, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 6,6 տոկոսով՝ կազմելով 280 հազար 256 դրամ:
2023 թվականի արդյունքներով աղքատության մակարդակը նվազել է 1,1 տոկոսային կետով՝ կազմելով 23,7 տոկոս: Նվազել են նաև անհավասարությունը բնութագրող՝ ըստ եկամտի և սպառման, Ջինիի գործակիցները՝ գտնվելով պատմականորեն ցածր մակարդակներում:
Մենք ակնկալում ենք, որ այս միտումները կպահպանվեն՝ հատելով բարեկեցության ներկա սահմանները և նպաստելով մեր հասարակության բարօրության բարձրացմանը»,- ասաց նախարարը: