Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստը, քննարկվում է 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:
ՀՀ 2025 թվականի պետբյուջեն բացառապես թվերի, տոկոսային հարաբերակցությունների կամ կանխատեսումների համախումբ չէ, այն մեր բոլորի մասին է, իրական Հայաստանի քաղաքացիների, նրանց, ովքեր ձևավորում են մեր երկրի ներկան և ապագան: Այս մասին ասաց հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«2025-ի բյուջեն մեր հաստատուն հանձնառությունն է՝ երաշխավորելու, որ յուրաքանչյուր քաղաքացի ապրի արժանապատիվ կյանքով, ունենա զարգանալու և իր ջանքերն արժևորված տեսնելու հնարավորություն: Այս բյուջեն Հայաստանի ապագայի տեսլականի ևս մեկ էական քայլ է, որով ամրապնդում ենք մեր երկրի դիմակայունությունը, խթանում տնտեսական ներուժը և ապահովում հարկաբյուջետային կայունությունը՝ ի նպաստ մեր երկրի բարօրության և քաղաքացիների բարեկեցության: Անկասկած, մեր նպատակը մեկն է՝ երկրի կայուն զարգացումը»,- ասաց ֆինանսների նախարարը:
Նա հիշեցրեց՝ բարելավվում են տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքները, կառուցվում են ճանապարհներ, ջրագծեր, դպրոցներ և մանկապարտեզներ, բարեկարգվում քաղաքներն ու գյուղերը, նոր հեռանկարային հնարավորություններ են ստեղծվում մարզերում ներդրումների համար:
«ՀՀ զինված ուժերում և ուժային համակարգում մեկնարկած բարեփոխումները ամրապնդում են մեր քաղաքացիների անվտանգության զգացողությունը, իսկ պարեկային նոր ծառայությունը, որ հասանելի է արդեն բոլոր մարզերում, հիմք է հանդիսացել քաղաքացի-ոստիկան նոր փոխհարաբերությունների մշակույթի ձևավորման համար»,- նշեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով՝ սրանք ընդամենը մի քանի արձանագրումներ են այն բազմաթիվ արդյունքներից, որոնց Կառավարությունը հասել է վերջին տարիներին: