Նոյեմբերի 8-ին՝ ժամը 21-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել հրազենային վնասվածքներով քաղաքացիներ:
15 րոպե անց նույն կենտրոնից ստացվել է ևս մի հաղորդում․ բուժօգնության դիմած չորս քաղաքացուց երեքը բուժօգնություն են ստանում, իսկ Ազատամարտիկների փողոցի 15-ամյա բնակիչ Ռուբեն Ռուբենյանը վիրահատարանում մահացել է: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Արարատի տարածքային ստորաբաժանումների ծառայողները և Արարատի մարզի պարեկները րոպեներ անց դեպքի վայր են մեկնել՝ հնարավոր զարգացումները կանխելու նպատակով։
Մեկնել են նաև Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նրա տեղակալներն ու նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 8-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Արտաշատից Ոստան գյուղ տանող ճանապարհի հարակից տարածքում, զավակների հետ կապված վիճաբանության ժամանակ, Արտաշատի Ազատամարտիկների փողոցի բնակիչ 46-ամյա Արտակ Մաթևոսյանը և Աղայան փողոցի բնակիչ 45-ամյա տղամարդը, ըստ նախնական տվյալների՝ իրենց մոտ եղած հրացաններով կրակել են իրար վրա, ինչի հետևանքով Արտակ Մաթևոսյանը մահացել է, իսկ 46-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Միջադեպի հետևանքով 2 անձ մահացել է, 4-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ։ Ոստիկանների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել են հետագա զարգացումերը և պարզվել են վիճաբանության պատճառն ու դեպքին առնչվող այլ հանգամանքներ, որոնք այս պահին հրապարակման ենթակա չեն։
Ըստ այս պահին հայտնի տվյալների՝ հրազեններից մեկը, որից արձակվել են կրակոցներ, որսորդական է, որը հաշվառված է կրակոցներ արձակողի անվամբ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կան ձերբակալվածներ:
Քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական ու կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են։