Բուդապեշտում ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովը: Բուդապեշտում գագաթնաժողովից առաջ եվրոպացի առաջնորդները լրատվամիջոցների հետ զրույցում կարևոր ուղերձներ են հղել ԱՄՆ նոընտիր նախագահին: Նրանք Թրամփին հորդորել են խուսափել առևտրային պատերազմներից, պահպանել Ուկրաինային աջակցությունը և ձեռնպահ մնալ գլոբալ կարգը խախտելուց:
Փորձագետները կանխատեսում են, որ իրավիճակը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում օրակարգային է լինելու հատկապես ԱՄՆ ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի պատմական հաղթանակից հետո։ Քննարկվելու են նաև միգրացիայի և տնտեսական անվտանգության հարցերը։Գագաթնաժողովը ենթադրում է նախ ավելի լայն Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդների հանդիպում: Բուդապեշտ են ժամանել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինայի հաղթանակը բխում է Եվրոպայի լավագույն շահերից՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովում՝ հավելելով, որ Եվրոպայի անվտանգությունը չի կարող շարունակաբար փոխանցվել ԱՄՆ-ին:
«Մեր շահն է, որ Ռուսաստանը չհաղթի»,- ասել է Մակրոնը։
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։