Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այցելել է Աթենք, նրան ընդունել է Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսը: Հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել մամուլի ասուլիսով, նշել՝ Հունաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն իրեց ծովային սահմանների վերաբերյալ, սակայն շարունակում են քննարկումները:
Աթենքն ու Անկարան հայտարարում են, որ ցանկանում են բաց պահել հաղորդակցության ուղիները, ավելացնել առևտրի ծավալները և աշխատել առկա խնդիրների ուղղությամբ: Կողմերը նաև նախատեսում են սերտացնել համագործակցությունն անվտանգության և միգրացիայի ոլորտում:
«Մենք ձգտում ենք ավելի ամրապնդել մեր երկկողմ համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, զբոսաշրջությունը, առևտուրն ու մշակույթը։ Այս տարի մեր երկկողմ առևտրաշրջանառությունն արդեն զգալիորեն աճել է, և մենք ձգտում ենք այն հասցնել 10 մլրդ դոլարի»,- ասել է Գերապետրիտիսը։
Հունաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Աթենքը կշարունակի աջակցել Թուրքիայի եվրոպական հեռանկարին՝ գոհունակություն հայտնելով ԵՄ-Թուրքիա հարաբերությունների ակտիվացման կապակցությամբ:
Ֆիդանն էլ հավելել է, որ Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները զարգանում են դրական ուղղությամբ, համագործակցությունն ամրապնդվում է: «Մենք պետք է օգտվենք մեր առջև բացված պատմական հնարավորությունից, մեր հավերժական դրացիությունը վերածենք հավերժական բարեկամության»,- ասել է Ֆիդանը։