Ուկրաինայի հարցով երկխոսության վերաբերյալ Ռուսաստանի բաց լինելը չի նշանակում հատուկ ռազմական գործողության նպատակների փոփոխություն՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որևէ անգամ չի խոսել այն մասին, որ հատուկ ռազմական գործողության նպատակները փոխվում են։ Ընդհակառակը, նա բազմիցս կրկնել է, որ դրանք մնում են նույնը։ Այդ ամենը վերաբերում է մեր երկրի անվտանգային շահերին, այնտեղ բնակվող ժողովրդի անվտանգության շահերին։ Այդ պատճառով որևէ փոփոխության մասին խոսք չի եղել», - ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է՝ Մոսկվան բաց է երկխոսության համար շահագրգիռ կողմերի և բոլոր նրանց հետ, ովքեր կարող են ներդրում ունենալ հակամարտության լուծման գործում:
Պեսկովի խոսքով՝ ՌԴ նախագահը պատրաստակամ է նաև երկխոսելու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Միևնույն ժամանակ, խոսնակը նշել է, որ դեռ վաղ է խոսել ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունների ջերմացման մասին: