Նոյեմբերի 7-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը մասնակցել է «Մտավոր սեփականությունը՝ որպես հայկական գինեգործության կայուն զարգացման շարժիչ ուժ» ծրագրի մեկնարկին նվիրված աշխատաժողովին։
Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, աշխատաժողովին ներկա են եղել նաև Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Հասան Քլայբիի գլխավորած պատվիրակությունը, ՀՀ ԷՆ մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը, ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի» ներկայացուցիչը և ոլորտի այլ պատասխանատուներ։
Ծրագրի հիմնական նպատակն է գինի արտադրողների շրջանում գիտելիքների, հմտությունների և մտավոր սեփականության կիրառման մակարդակի բարձրացումը, արտադրանքի արժեքի ավելացումը և մրցունակության բարձրացումը։
Աշխատաժողովի ընթացքում տրվել է ծրագրի պաշտոնական մեկնարկը, ներկայացվել են Հայաստանի խաղողագործության և գինեգործության ոլորտի ներկա իրավիճակը և հեռանկարները, ինչպես նաև քննարկվել է մտավոր սեփականության դերը հայկական գինեգործության ինքնության, բրենդինգի և հեղինակության ձևավորման գործում։