Գյումրու ավագանու այսօր հրավիրված արտահերթ նիստը չի կայացել՝ քվորումի բացակայության պատճառով: Նիստին մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 11 ներկայացուցիչ: Խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը լրագրողներին ասել է, որ եթե երկշաբաթյա ժամկետում ավագանին չկարողանա նիստ հրավիրել և քաղաքապետ ընտրել՝ կլուծարվի:
Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պատրաստվո՞ւմ են արդյոք նոր նիստ հրավիրել հարցին Հարությունյանը պատասխանել է, որ դեռ քննարկում են: ՔՊ-ն, ինչպես հայտնի է՝ հակված չէ գործող ավագանու կազմից քաղաքապետ ընտրելու: Այսօր տարածած հայտարարությունում նշվում է, որ թեև այս պահին գործող ավագանու կազմում «Քաղաքացիական պայմանագիրը» մեծամասնություն է, բայց գործող ավագանին չի արտացոլում 2021-ին գյումրեցիների կատարած քվեարկության արդյունքները, ուստի՝ քաղաքի կառավարումը բարձիթողի վիճակում չթողնելու, ստեղծված իրավիճակը արագ և անցնցում հաղթահարելու նպատակով պատրաստվում են գնալ արտահերթ ընտրությունների: Կուսակցության վարչության ներկայացուցիչները հայտարարել են, որ կուսակցության քաղաքապետի թեկնածուն գործող պատգամավոր Կարեն Սարուխանյանն է լինելու: Հիշեցնենք, Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության անդամները հոկտեմբերի 28-ից վայր են դրել մանդատները: Այդ պահից սկսած Գյումրին ոչ քաղաքապետ ունի, ոչ փոխքաղաքապետ: