Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտոնանկ է արել ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին՝ հայտնում է Spiegel-ը:
Լինդները կառավարության առանցքային անդամներից էր, նա գլխավորում էր Ազատ դեմոկրատական կուսակցությունը, որը Շոլցի սոցիալիստների և Կանաչների հետ կազմել էր իշխող կոալիցիան։
Մեկնաբանելով իր որոշումը՝ Շոլցն ասել է, որ Լինդները «շատ հաճախ է խաթարել իր վստահությունը»։ Նրա խոսքով՝ Լինդները երեք տարի արգելափակել է կոալիցիայի որոշումները, ուստի հետագա համագործակցությունն անհնար է եղել։
Ավելի ուշ Գերմանիայի փոխկանցլեր և Կանաչների կուսակցության համանախագահ Ռոբերտ Հաբեկը հայտարարել է իշխող կոալիցիայի փլուզման մասին։ Նա հաստատել է, որ դրա պատճառը բյուջեն համաձայնեցնելու անկարողությունն է, և դրա համար մեղադրել պաշտոնանկ արված նախարարին։
Լինդներն էլ Շոլցին է մեղադրել կոալիցիայի փլուզման համար։ Նա ասել է, որ պետության ղեկավարի տնտեսական առաջարկները «թույլ էին, ոչ հավակնոտ և պիտանի չէին Գերմանիայի թույլ տնտեսական աճը հաղթահարելու համար»: Ազատ դեմոկրատները նաև կառավարությունից հետ են կանչել իրենց բոլոր նախարարներին՝ դուրս գալով կոալիցիայից։
Շոլցը նախատեսում է հունվարի սկզբին վստահության քվեի հարց ներկայացնել Բունդեսթագ։ Եթե գերմանացի պատգամավորները բացասական քվեարկեն, երկրում խորհրդարանի արտահերթ ընտրություն կանցկացվի 2025 թվականի մարտին։