Եվրոպացիները չպետք է մշտապես իրենց անվտանգությունը լիազորեն ամերիկացիներին՝ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։
«Թրամփը պաշտպանելու է ամերիկացիների շահերը, հարցն այն է, թե արդյոք մենք պատրա՞ստ ենք պաշտպանել եվրոպացիների շահերը»,- ասել է Մակրոնը։
Նա այն կարծիքին է, որ Եվրոպան պետք է ավելի հիմնովին պաշտպանի իր շահերը՝ մրցակցելով ԱՄՆ-ի և Չինաստանի հետ։
Մակրոնը ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունն անվանել է «պատմական պահ» եվրոպացիների համար և կոչ է արել գագաթնաժողովի մասնակիցներին պաշտպանել «ազգային և եվրոպական, տնտեսական ու ռազմավարական շահերը»։ Նրա կարծիքով՝ Եվրամիությունը պետք է իրեն ընկալի որպես «անկախ տերություն», վերականգնի աշխարհաքաղաքականության նկատմամբ հսկողությունը և այն ուրիշին չպատվիրակի։
Նա կոչ է արել եվրոպացի առաջնորդներին լինել «խելացի, հավակնոտ և վճռական ԱՄՆ-ում կայացած ընտրությունից հետո»։
Եվրոպական քաղաքական համայնքը, որպես եվրոպական գործերի ռազմավարական քննարկումների ձևաչափ՝ ԵՄ անդամ չհանդիսացող երկրների մասնակցությամբ, Մակրոնն առաջարկել է 2022 թվականի մայիսին՝ ԵՄ Խորհրդում Ֆրանսիայի նախագահության ժամանակ։