Նախագահի ընտրությունում հաղթանակ տարած Դոնալդ Թրամփի դաշնակիցները պատրաստվում են կատարել նրա նախընտրական խոստումներից մեկը՝ իրականացնել ԱՄՆ-ից անօրինական ներգաղթյալների զանգվածային արտաքսումը՝ հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Իր հերթին, Թրամփի ավագ օգնական Ջեյսոն Միլլերն ասել է, որ նրա նախնական առաջնահերթությունը կլինի վերականգնել իր նախորդ վարչակազմի սահմանային անվտանգության քաղաքականությունը և չեղարկել նախագահ Ջո Բայդենի օրոք Սպիտակ տան իրականացրած միջոցառումները:
CNN-ի աղբյուրներից մեկը հայտնել է, որ Թրամփի թիմը ցանկանում է արտաքսել առանց փաստաթղթերի միգրանտներին, որոնք հանցագործություններ են կատարել: Սակայն քննարկվում է այն հարցը, թե արժե՞ արդյոք, և եթե այո, ապա ինչպես արտաքսել այն միգրանտներին, որոնց ԱՄՆ են բերել մանուկ հասակում:
Ընտրությունից առաջ Թրամփը նաև հիշեցրել էր, որ կողմ է որևէ ամերիկացու սպանած անօրինական ներգաղթյալի մահապատժին: