Եվրոպական քաղաքական համայնքը հինգշաբթի կհանդիպի Բուդապեշտում, իսկ ուրբաթ կկայանա ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Հունգարիայի մայրաքաղաք են ժամանել տասնյակ եվրոպացի առաջնորդներ, այդ թվում՝ ԵՄ երկրների բազմաթիվ ղեկավարներ։
Հանդիպմանը կքննարկվեն այնպիսի գլոբալ խնդիրներ, ինչպիսիք են եվրոպական անվտանգության մարտահրավերները, Ուկրաինայի պատերազմը, հակամարտությունը Մերձավոր Արևելքում և անօրինական միգրացիան:
Euronews-ը նշում է, որ գագաթնաժողովի առանձնահատկությունն այն է, որ այն տեղի է ունենում ԱՄՆ ընտրությունում Դոնալդ Թրամփի համոզիչ հաղթանակից անմիջապես հետո։
Իր նախընտրական արշավի ընթացքում Թրամփը սպառնացել է առևտրային պատերազմով Եվրոպայի հետ և ՆԱՏՕ-ի պարտավորություններից ԱՄՆ-ի հրաժարումով: Այնուամենայնիվ, ամենամեծ մտահոգությունը Թրամփի դիրքորոշումն է Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ։
Ընտրված նախագահը խոստացել է ավարտել պատերազմն իր ընտրվելուց հետո «24 ժամվա ընթացքում»՝ մտավախություն առաջացնելով, որ նա կարող է կրճատել կամ ամբողջությամբ դադարեցնել ֆինանսական և ռազմական օգնությունը Ուկրաինային:
ԱՄՆ ընտրություններից առաջ Եվրահանձնաժողովը ստեղծել է հատուկ աշխատանքային խումբ՝ հնարավոր սցենարներին նախապատրաստվելու համար՝ ցույց տալով, թե դաշինքը որքան լրջորեն է վերաբերվում իրավիճակին։ Այնուամենայնիվ, ըստ լրատվականի, Թրամփին բնորոշ անկանխատեսելիությունը ցանկացած երկրի կամ հաստատության համար դժվարացնում է, եթե ոչ անհնարին դարձնում նախապես պլանավորելը: