ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի թիմը սկսել է քննարկել ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Աղբյուրի համաձայն՝ այն նախատեսում է առաջնագծի սառեցում, որի երկայնքով պետք է ապառազմականացված գոտի ստեղծվի։ Այս պահին հայտնի չէ, թե ով է ապահովելու տարածքի անվտանգությունը։ Թրամփի թիմի անդամներից մեկը նշել է, որ ամերիկացիներին չեն ուղարկի Ուկրաինա՝ խաղաղություն պահպանելու։
Ըստ ծրագրի՝ Կիևը պետք է խոստանա չմիանալ ՆԱՏՕ-ին առնվազն 20 տարի, իսկ դրա դիմաց Վաշինգտոնը կշարունակի Ուկրաինային զենք մատակարարել՝ Ռուսաստանի հետագա հարձակումները կանխելու համար:
Հրապարակման համաձայն՝ բոլոր առաջարկները նախատեսում են պատերազմի «սառեցում»՝ այս կերպ կարող է ամրագրվել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքի մոտ 20 տոկոսի գրավումը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ The Wall Street Journal-ի նյութն իր բնույթով վերացական է։