Անկախ վարչակազմից՝ Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն ինստիտուցիոնալ բավականին կայուն հիմքեր ունեն: Արդեն հայտարարվեց, որ Հայաստանը և ԱՄՆ-ը փորձում են բարձրացնել հարաբերությունների մակարդակը ռազմավարական երկխոսությունից ռազմավարական գործընկերություն, և այս առումով աշխատանքներ են իրականացվում, և թույլ տվեք վստահություն հայտնել, որ նոր վարչակազմի պարագայում էլ այս աշխատանքները բարեհաջող կընթանան և ավարտին կհասնեն: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի ընտրությանը:
«Մեր օրակարգը հիմնված է ինչպես ընդհանուր արժեքների, ժողովրդավարության վրա, բայց, դրանից զատ, այս պահին աշխատանքներ են իրականացվում՝ ընդլայնելու համագործակցության օրակարգը, այդ թվում՝ երկու պետությունների միջև տնտեսական հարաբերությունների խորացումը»,- ասաց նա:
Այս տարիների ընթացքում, ըստ նախարարի տեղակալի, մշտապես շփումներ են պահպանվել թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների հետ, իսկ ինչ վերաբերում է ծավալված քննարկումներին՝ եթե Հարիսն ընտրվեր, կարող է ավելի նպաստավոր լինել ՀՀ-ի համար, Կոստանյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ եթե-ներով առաջնորդվելն այս պահին ճիշտ չէ: Մենք ունենք փաստ: ԱՄՆ ժողովուրդն ընտրել է Դոնալդ Թրամփին՝ որպես ԱՄՆ 47-րդ նախագահ, և ՀՀ կառավարությունն աշխատելու է ընտրված նախագահի հետ»: