Ֆրանսիայում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախկին վարչապետ, Ազգային ժողովում նախագահական կուսակցությունը ներկայացնող «Միասին հանուն Հանրապետության» խմբակցության ղեկավար Գաբրիել Ատալի հետ։
Ջերմ մթնոլորտում տեղի ունեցած զրույցի ընթացքում Հայաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Գաբրիել Ատալին ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ՝ կառավարությունում վերջինիս գործունեության ողջ ընթացքում հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանն ու Հայաստանին աջակցելուն ուղղված բազմաթիվ նախաձեռնությունների համար։
Գաբրիել Ատալն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հասմիկ Տոլմաջյանին ջերմ և արդյունավետ համագործակցության և հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար` մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։