Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև նախատեսվում է ստորագրել 50 մլն եվրո արժողությամբ «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը:
Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում կանաչ, դիմակայուն և ներառական զարգացումը՝ նպաստելով կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականությանը՝ բարելավելով շրջակա միջավայրի կառավարումը և էներգաարդյունավետությունը, ապահովելով հավասարության ավելի բարձր մակարդակ և խթանելով մարդկային կապիտալի զարգացումը, ինչպես նաև ամրապնդելով կառավարումը։ Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի հետ համատեղ, և, հետևաբար, բարեփոխումների շրջանակը ևս նույնական է Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև 2024 թ. մայիսի 23-ին ստորագրված վարկային համաձայնագրի քաղաքականության աղյուսակի հետ: