Ես ամբողջովին կիսում եմ իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը՝ իրական Հայաստանի գաղափարախոսության հետ կապված և հանձն եմ առել պարտականություն, ստանձնել եմ պատասխանատվություն՝ իրականացնելու իրավական ապահովումն ամբողջ գործընթացի: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Հարցին՝ ի՞նչ պետք է անել՝ բարձրացնելու համար քաղաքացիների վստահությունն այսօրվա արդարության վերաբերյալ, նախարարը պատասխանեց. «Արդարադատության նախարարի հիմնական անելիքը՝ այս հարցի հետ կապված, քաղաքական մակարդակում արդարության հարցի ճիշտ հասցեագրումն է առաջին հերթին, երկրորդը՝ նոր արդարադատության համակարգի կայուն և միասնական չափանիշների վրա հիմնված զարգացումը: Այսինքն՝ այս երկու կոմպոնենտի պահպանմամբ մենք կփորձենք նախ վերհանել խնդիրը՝ հասկանալու, թե որտեղ է իրականում արդարության պակասի զգացումը ձևավորվում մեր քաղաքացիների մոտ, հետո կփորձենք կամաց-կամաց, սահուն քայլերով լուծել խնդիրը»:
Հիշեցնենք՝ Սրբուհի Գալյանը օրեր առաջ նշանակվել է արդարադատության նախարար: