Կառավարության նիստում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուն իր խոսքում շնորհակալություն է հայտնել իր թեկնածությունը առաջադրելու և վստահության համար և նշել. «Հավաստիացնում եմ, որ Ազգային ժողովի կողմից հավանության արժանանալուց հետո և այդ պաշտոնում նշանակվելու դեպքում, իմ ամբողջ մասնագիտական գիտելիքները և աշխատանքային փորձը ներդնելու եմ հանձնաժողովի բնականոն աշխատանքը կազմակերպելու, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու համար»:
Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է, թե վերջին շրջանի ակտուալ խնդիրների հետ կապված պոտենցիալ լուծումների մասով Մեսրոպ Մեսրոպյանն ի՞նչ կարծիք ունի: «Նկատի ունեմ՝ երկու կարևորագույն հարցը, որոնք պարբերաբար քննարկվում են նաև հանրային տիրույթում: Այսինքն՝ հանձնաժողովի սուբյեկտ հանդիսացող կառույցների կողմից գնումների գործընթացի կազմակերպումն է, և նաև որակի խնդիրը, որովհետև իրականության մեջ կա կարծիք, որ այն ֆունկցիոնալ դիզայնը, որ այսօր գոյություն ունի, բավարար չի, որպեսզի որակ ապահովելու գործառույթը լիարժեք իրականացվի, նաև գնումների գործընթացը բավարար թափանցիկ լինի: Ի՞նչ կարծիքի եք, ի՞նչ է անհրաժեշտ անել: Ես գիտեմ, որ մի քանի որոշում վերջին շրջանում հանձնաժողովը կայացրել է այդ ուղղությամբ, բայց ուզում եմ նաև ձեր կարծիքը լսել: Արդյոք դրանք բավարա՞ր են, թե ավելի ֆունդամենտալ փոփոխությունների պետք ունենք»,-նշել է փոխվարչապետը:
Մեսրոպ Մեսրոպյանն այս առումով նշել է, որ որակի ցուցանիշները բարձրացնելու հետ կապված, իր կարծիքով, անելիք կա կատարված ներդրումների արդյունավետությունը հասկանալու համար: «Այդ մասով, աշխատանքի անցնելու դեպքում, նշանակվելու դեպքում առաջնահերթության կարգով ես կփորձեմ խորը աուդիտի ենթարկել վերջին 10 տարիներին կատարված ներդրումները և դրանց արդյունավետությունը: Ինչպես նաև գնումների մասով պետք է բացառել փոխկապակցված անձանց, տվյալ ընկերությունների հետ կապված փոխկապակցված անձանց ընկերությունների գործունեությունը գնումների գործընթացին մասնակցելու առումով, որովհետև կյանքը ցույց է տալիս, երբ ունենում ենք նման դեպքեր, ապա թե՛ ձեռք բերված սարքերը կամ ծառայությունները շուկայականից ունենում են ավելի բարձր գներ, թե՛ որակի վերահսկողությունը կատարված աշխատանքի նկատմամբ հեռու է լինում ցանկալի արդյունքից»,-պատասխանել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուն:
Ամփոփելով իր խոսքը՝ Մհեր Գրիգորյանը նշել է, որ անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել այդ հարցերը, որովհետև հանրության համար դրանք ամենաակտուալն են և նաև տեսանելի, որովհետև ի վերջո որակի սպառողը և սակագնի չափ վճարողը հանրություն է: «Երկու հարցերն էլ ուղղակի կորելացվում են այդ խնդիրների հետ, և այդ իմաստով ուղղակի խնդրում եմ, որ դրական որոշում կայացնելու պարագայում, դրանք լինեն Ձեր օրակարգի ամենակարևոր հարցերը»,-հավելել է փոխվարչապետը: