Մինչ այս պետությունը չի ունեցել համապարփակ մի օրենսդրություն, որը կներկայացներ երիտասարդական քաղաքականությունը, դրա թիրախները, նպատակները, ինստիտուցիոնալ գործիքակազմը, շահառուներին: Ներկայացված օրենսդրական փաթեթը, մասնավորապես՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, կգա լրացնելու այդ բացը: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 7-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այն շրջանակային փաստաթուղթ է և սահմանում է պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունները:
«Այս քաղաքականության նպատակն է ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ և մրցունակ երիտասարդի ձևավորումը, որը կընդլայնի իր երկրում սեփական բարեկեցությունը ապահովելու երիտասարդի հնարավորությունները, այսպիսով կաջակցի նաև հանրային զարգացմանը»,- ասաց նա:
ԿԳՄՍ նախարարը հիշեցրեց՝ մարզերում արդեն իսկ գործում են Կառավարության, համայնքների և մասնավոր ոլորտի գործակցությամբ ձևավորված 5 կենտրոններ՝ Ապարանում, Դիլիջանում, Մեղրիում, Իջևանում, Վանաձորում: Այս տարի դրանց թիվը կավելանա 4-ով, իսկ հաջորդ տարվա բյուջետային պլանում նախատեսված է ևս 6-ով ավելացում:
Ըստ նախարարի՝ այս կենտրոնները հասցեագրված են նաև որևէ տեղ չաշխատող և չսովորող երիտասարդներին, որոնք դուրս են ինստիտուցիոնալ մյուս համակարգերի ուշադրությունից և լրացուցիչ աջակցության կարիք ունեն: Որպես տարիքային շեմ՝ նշվում է 13-35 տարեկանը:
«Երիտասարդական քաղաքականության օրենքը և այս ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումները թույլ են տալիս, որ մենք տարիքային այս խմբի հանդեպ ունենանք առանձնացված քաղաքականություն և կարողանանք սինքրոնացնել տարբեր ոլորտների մեր ծրագրերը, հասկանանք, թե դրանց համալիր արդյունքն ինչպիսին է»,- ասաց նա:
Երիտասարդական կենտրոնները, ըստ նախարարի, միջազգային ֆորմատ են, կա նաև նման երիտասարդական կենտրոնների եվրոպական ցանց: Այժմ աշխատանք է իրականացվում, որպեսզի որոշ կենտրոններ ունենան հավատարմագիր և դառնան այդ ցանցի անդամ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձավ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի շահառուների թվին՝ առանձնացնելով 18-29 տարեկան տարիքային խմբում ընդգրկվածներին, և նշեց, որ խոսքը շուրջ 100 հազար չաշխատող և չսովորող երիտասարդների մասին է:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Բավականին դժվար գործ է լինելու այդ երիտասարդներին ներգրավելը և դարձնելը այդ հարթակի մասնակից: Այդ հարցի շուրջ պիտի մտածենք, իմ կարծիքով, որովհետև աշխատանք չունեցող և կրթություն չունեցող երիտասարդի համար ստեղծել հարթակ բավականին բարդ աշխատանք է, բայց վստահ եմ, որ հաջողություն կունենանք այդ մասով»: