Ֆրանսիայում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը քաղաքավարական հանդիպումներ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի և Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Լուիզ Մուշիկիվաբոյին՝ Հայաստանի հանդեպ ՖՄԿ ցուցաբերած համերաշխության և աջակցության համար։
Գլխավոր քարտուղարն իր հերթին գոհունակություն է հայտնել հայկական կողմի հետ ՖՄԿ համագործակցության հարուստ օրակարգի կապակցությամբ՝ շեշտելով, որ Հայաստանն իր մեծ ավանդն է ունեցել նաև Փարիզում կայացած Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի հաջողության գործում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հարավկովկասյան տարածաշրջանում ընթացող գործընթացների և մշակութային ժառանգության պաշտպանության հարցում առկա մարտահրավերների վերաբերյալ։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել գլխավոր տնօրենին Հայաստանին հուզող հարցերում գլխավոր տնօրենի ցուցաբերած ուշադրության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքային դիրքորոշման կապակցությամբ։