Ֆրանսիայում դիվանագիտական ծառայության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի և Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ։
Ինչպես հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից, Սենատի նախագահի հետ հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանը երախտագիտություն է հայտնել վերջինիս հայ ժողովրդի հետ բացառիկ համերաշխության և հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության խորացման ուղղությամբ նրա սկզբունքային հանձնառության համար։ Հայաստանի դեսպանն ընդգծել է, որ Հայաստանին աջակցելու ողջ Սենատի և անձամբ նախագահ Լարշեի հանձնառության վկայությունն են Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի կողմից ի նպաստ Հայաստանի ընդունված բազմաթիվ բանաձևերը, հայ ժողովրդի համար բարդ շրջանում, 2021 թ․ ապրիլին, նախագահի Լարշեի՝ Հայաստան կատարած այցը, ինչպես նաև՝ Սենատի հարկի տակ Հայաստանին նվիրված բազմաթիվ նախաձեռնությունների հյուրընկալումը։
Իր հերթին Սենատի նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Տոլմաջյանին հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման գործում ունեցած մեծ ավանդի և արդյունավետ համագործակցության համար՝ վերահաստատելով Հայաստանի և հայ ժողովրդի կողքին լինելու, հայ-ֆրանսիական բարեկամության հետագա խորացման ուղղությամբ ջանքեր գործադրելու իր հանձնառությունը։
Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանն ընդգծել է հայ-ֆրանսիական հարաբերությունների կարևոր առանցքներից մեկի՝ միջխորհդարանական համագործակցության զարգացման գործում նախագահ Բրաուն-Պիվեի ունեցած կարևոր ներդրումը և շնորհակալություն է հայտնել այդ ուղղությամբ նրա գործադրած ջանքերի համար։ Հայաստանի դեսպանը ջերմությամբ հիշատակել է նաև 2023 թ․ հունվարին Յաել Բրաուն-Պիվեի պատմական այցը Հայաստան, որն Ֆրանսիայի ԱԺ նախագահի մակարդակով երբևէ տեղի ուենցած առաջին այցն էր։
Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն շեշտել է Հայաստանի դեսպանի ունեցած կարևոր դերակատությունը հայ-ֆրանսիական միջխորհրդարանական համագործակցության զարգացման ուղղությամբ վերջին տարիներին գրանցված նշանակալի առաջընթացի գործում և կարևորել է երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված կապերի հետագա ամրապնդումը։