«Երիտասարդական խորհրդարան» ծրագրի մասնակիցներն օրենսդրական առաջարկ են մշակել, որը վերաբերում է կրթության ֆինանսավորմանը: Առաջարկն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացվել է պատգամավորների քննարկմանը:
Երիտասարդական խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Աննա Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի զարգացման գերակա ուղղություններից է բարձրորակ կրթության հասանելիությունը բոլոր քաղաքացիների համար, սակայն պետական բուհերի բազմաթիվ ուսանողներ ֆինանսական միջոցների սղության պատճառով զրկվում են բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից: Խնդրի լուծման նպատակով առաջարկվում է ներդնել բարձրագույն կրթության ֆինանսավորման նորարարական հետվճարային համակարգ: Ստեղծվելիք պետական հատուկ ֆոնդը կֆինանսավորի ուսանողների կրթությունը՝ վճարելով ուսումնական վարձավճարը և ապահովելով երկարաժամկետ հետվճարային մեխանիզմը: Առաջարկով ֆոնդը կգործի ԿԳՄՍ նախարարության, Կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության ղեկավարման, ինչպես նաև կոմերցիոն բանկերի վերահսկողության ներքո:
«Համակարգի առանցքային առավելությունն այն է, որ ուսանողները կկարողանան ստանալ բարձրագույն կրթություն՝ առանց ուսման վարձն անմիջապես վճարելու: Փոխարենը նրանք կսկսեն մարել ամբողջական գումարը՝ ըստ նախապես նշանակված ժամկետի և ամսական վճարի չափի: Տևողությունը և ամսական վճարի չափը պայմանավորված կլինեն ընտանիքի վճարունակությամբ»,- պարզաբանել է զեկուցողը:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը մանրամասնել է, որ ստեղծվելիք ֆոնդը սոցիալապես անապահով ուսանողներին գրեթե 0-ական տոկոսով կտրամադրի արտոնյալ ուսանողական վարկեր: Ենթադրաբար ֆոնդը կֆինանսավորվի պետական բյուջեից:
Հարցուպատասխանի ընթացքում պատգամավորները, Կենտրոնական բանկի, Ֆինանսների նախարարության և ՊԵԿ ներկայացուցիչները ողջունել են երիտասարդների նախաձեռնողականությունը և փորձել հասկանալ վարկավորման տրամադրման առաջարկվող մեխանիզմներն ու պայմանները, աջակցության այլ ծրագրերի հետ համեմատականները, բանկային համակարգի խնդիրները, հետվճարային ծրագրի առանձնահատկությունները և նախաձեռնությանը վերաբերող այլ դրույթները:
Բաբկեն Թունյանն առաջարկել է հետաձգել նախաձեռնության քննարկումը մինչև երկու ամիս ժամկետով, այդ ընթացքում լրամշակել շահագրգիռ բոլոր կողմերի հետ:
«Երիտասարդական խորհրդարանն» իրականացվում է ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի հետ համատեղ: Վերջինս ֆինանսավորվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության, Շվեդիայի կառավարության և ՀՀ Ազգային ժողովի կողմից: