Համաձայնագրով նախատեսվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 200 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ` Քաջարանի թունելի շինարարության և M2 ճանապարհի շուրջ 4 կմ հատվածի վերակառուցման ինժեներաշինարարական աշխատանքների իրականացման համար:
Ծրագիրը համաֆինանսավորվելու է Հայաստանի կողմից` 194 մլն 259 ԱՄՆ դոլարի չափով:
«Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ««Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 6-ի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:
Զեկուցողը տեղեկացմամբ՝ համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 26-ին:
Նախատեսվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում գործող երթուղին կկրճատվի 14 կմ-ի չափով, տրանսպորտային միջոցների միջին արագությունը կհասնի մինչև 80 կմ/ժամ հաշվարկային արագության, շուրջ 40 րոպեով կկրճատվի Քաջարանից Ագարակ ճանապարհային հատվածի ժամանակը, կնվազի Մեղրու լեռնանցքի օգտագործումը, զգալիորեն կբարձրանա ճանապարհային անվտանգության մակարդակը և այլն:
Վարկի մասհանման և սպասարկման արժույթն ԱՄՆ դոլարով է, վարկի տոկոսադրույքը ֆիքսված է` 4% տարեկան:
Վարկի մարման ժամկետը մինչև 20 տարի է, որից արտոնյալը` մինչև 5 տարի` պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: