ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը քննադատել է Մոլդովայում անցկացված նախագահի ընտրությունը: Մարիա Զախարովայի խոսքով՝ այն Հանրապետության ամբողջ պատմության ընթացքում ամենաոչժողովրդավարական ընտրությունն էր։
Նա հայտարարել է, թե Արևմուտքի երկրներն անթաքույց միջամտել են ընտրական գործընթացին, իսկ Մոլդովայի իշխանությունները վարչական ռեսուրս են կիրառել: Զախարովայի խոսքով՝ Մայա Սանդուի հաղթանակն ապահովել են արևմտյան երկրներում բնակվող մոլդովական սփյուռքի ձայները, իսկ երկրի բնակիչների մեծամասնությունն անվստահության քվե է տվել գործող նախագահին։
Հիշեցնենք, որ Մոլդովայի ընտրատեղամասերի արձանագրությունների 100 տոկոսը մշակելուց հետո նախագահի ընտրության երկրորդ փուլում հաղթել է Սանդուն՝ ձայների 55,33 տոկոսով: Ընդդիմադիր սոցիալիստների կուսակցության թեկնածու Ալեքսանդր Ստոյանոգլոն ստացել է 44,67 տոկոս ձայն: