Երեկվանից Սյունիքի մարզային վարչության հիմնման գործընթացն է սկսվել, այսինքն՝ մենք արդեն ընդունելության հայտերն ենք հանրայնացնում, և, իհարկե, ովքեր ուզում են էկոպարեկային ծառայության աշխատակից դառնալ, հայտարարենք, որ Սյունիքում արդեն սկսել է գործընթացը: Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
«Նախատեսված են թե՛ ձայնային տվիչներ, թե՛ տեսագրության հնարավորություններ, դրոններ, նաև հաշվարկներն ունենք: Այսպես նկարագրեմ՝ եթե մի տեղ հրդեհ է, կամ փորձում են մի տեղ ծառ հատել, ձայնային սենսորը մեզ հաղորդումը կտա, և առաջին գործողությամբ մեր դրոնները պետք է գնան, նկարահանում անեն, մինչև էկոպարեկները կհասնեն»,- ասաց նա: