Սույն թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 2-ը ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի գլխավորած աշխատանքային խումբը Ֆուջեյրայի քաղաքապետարանի հրավերով գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա քաղաքում՝ Ֆուջեյրայի շուկայի տեսչության ընթացակարգերի և գործառույթների մանրամասն նկարագրի վերաբերյալ հանդիպում-քննարկմանը, ինչպես նաև՝ Բարձրագույն խորհրդի անդամ Նորին Մեծություն Շեյխ Համադ բին Մոհամմեդ Ալ Շարկիի և Ֆուջեյրայի էմիրության կառավարիչի հովանու ներքո կայանալիք միջազգային հանքարդյունաբերական 9-րդ ֆորում-ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
Ֆուջեյրայի քաղաքապետարանում տեղի ունեցած քննարկման ընթացքում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ներկայացուցիչները ներկայացրել են Տեսչական մարմնի գործառույթները, վերահսկողության ոլորտները, նպատակներն ու խնդիրները: Ներկայացվել է նաև Ֆուջեյրայի շուկայի վերահսկողության տեսչության կառուցվածքը և հիմնական գործառույթները: Տեղի են ունեցել այցեր մի շարք լաբորատորիաներ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա համագործակցության, Ֆուջեյրայի շուկայի վերահսկողության տեսչության հետ կապերի ամրապնդման, ինչպես նաև հետագայում շարունակական այցեր իրականացնելու վերաբերյալ:
Կողմերն երկուստեք ընդգծել են միջազգային համագործակցության կարևորությունը վարչական համակարգերի զարգացման և վերահսկողության արդյունավետության բարձրացման գործում, ինչն էլ իր հերթին նպաստում է մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը։