Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն հաղթել է նախագահի ընտրության երկրորդ փուլում՝ ստանալով ձայների 55,33 տոկոսը, իսկ նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 44,67 տոկոս։ Արդյունքները հրապարակել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ արձանագրությունների 100 տոկոս մշակումից հետո։
Ընդհանուր առմամբ, Մոլդովայում և արտերկրում ընտրատեղամասեր է եկել 1.699.025 մարդ, ինչը կազմում է ընտրացուցակներում ընդգրկվածների ավելի քան 54,31%-ը։ Արտերկրում ընտրություններին մասնակցել է 328.855 ընտրող, ինչը բացարձակ ռեկորդ է հանրապետության համար։ Ամենածանրաբեռնվածը եղել է Մոսկվայի 2 ընտրատեղամասը, որտեղ ընտրողներն օգտագործել են բոլոր 10 հազար քվեաթերթիկները։
Մոլդովայի Սոցիալիստների կուսակցությունը հայտարարել է, որ չի ճանաչում արտերկրի ընտրատեղամասերում քվեարկության արդյունքը, որի շնորհիվ ընտրությունում հաղթող է ճանաչվել գործող նախագահ Մայա Սանդուն։ Սոցիալիստները նշել են, որ Մոլդովայի քաղաքացիների մեծամասնությունը դեմ է քվեարկել ներկայիս կառավարության քաղաքականությանը։