21 սցենարներ ենք հաշվի առել, և այդ սցենարների մեծ մասը հանգում է այն մտքին, որ շատ մեծ հզորությամբ կայան մեզ պետք չէ՝ հաշվի առնելով նաև առկա կայանները, արևային էներգետիկայի զարգացումը, եղած կայանների հզորությունը: Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով նոր ատոմակայանի կառուցման հարցին:
«Հիմնական միտքն այն է, որ նոր էներգաբլոկը հզորությամբ կարող է լինել գործող էներգաբլոկից ավելի, բայց ոչ շատ, [քան] մինչև 600 մեգավատտ հզորության:
Մենք փորձում ենք հիմա ուսումնասիրել՝ ընդհանրապես աշխարհում ինչպիսի տեխնոլոգիաներ կան: Նաև ուզում եմ ասել, որ անցումային փուլում ենք, երբ աշխարհում ատոմակայան կառուցող ընկերությունները նոր, մոդուլյար ատոմակայաններ նախագծելու փուլում են, դրանից շատերը նախագծային մակարդակի են և կառուցված չեն:
Ելնելով առկա իրավիճակից՝ Կառավարության որոշմամբ ստեղծել ենք նոր ատոմակայանի համակարգման ՓԲԸ, որը պետք է առկա ինֆորմացիան և առաջիկա տարիներին տեղի ունեցողի [մասով] մասնագիտական աշխատանք իրականացնի, և Կառավարությանն ուղղորդի կամ ասի, թե ինչ տեխնոլոգիաներ կան, որն ինչ դրական կամ բացասական կողմեր ունի, որովհետև միայն տեխնոլոգիան չէ: Գիտեք՝ կարևոր է նաև ֆինանսական մոդելը, թե մեր էներգետիկ համակարգի ինչպիսի ֆինանսական մոդել կլինի, սակագնի վրա ինչ ազդեցություն կունենա:
Կարծում ենք՝ կառույցն այդ աշխատանքը, որն արդեն բավականին արվել է, կշարունակի, ավելի մասնագիտացված կանի, և Կառավարությանը մասնագիտական կարծիք կտա, թե ինչ ուղղությամբ առաջ գնալ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է գործող ատոմակայանին, ըստ նախարարի՝ այս պահին էլ ընթանում են 2018-2019 թվականներից իրականացված կամ ընթացքի մեջ եղող աշխատանքներ, բայց կան նաև նոր աշխատանքներ, որոնք մոտ 150 մլն դոլար արժեն. «Այդ բոլորի միասնականության արդյունքում 2026 թվականին կդիմենք՝ գործող ատոմակայանի լիցենզիան մինչև 2036 թվականը երկարացնելու»:
Ըստ նախարարի՝ գործընթացում հիմնական դժվարությունն այն է, որ մի քանի անգամ, նույնիսկ եղել են դեպքեր, որ մինչև 6 անգամ մրցույթ է հայտարարվել և իրականացվել: