Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը տիկնոջ հետ կիրակի՝ նոյեմբերի 3-ին, այցելել է Պայպորտա՝ ջրհեղեղից տուժած քաղաքներից մեկը, փորձել է խոսել աղետից տուժած մարդկանց հետ, հանգստացնել նրանց: Սակայն զայրացած բնակիչները միապետի վրա ցեխ են նետել, իսկ իշխանության մյուս բարձրաստիճան ներկայացուցիչների, այդ թվում՝ Լետիսիա թագուհու, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի և Վալենսիա ինքնավար համայնքի ղեկավար Կառլոս Մեյսոնի հասցեին հնչել են «Հեռացեք»,«Մարդասպաններ» վանկարկումները։ Ֆիլիպ VI-ի այցն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ։
Հոկտեմբերի 30-ին հաշված ժամերի ընթացքում մեկ տարվա անձրև է տեղացել Իսպանիայի մի քանի շրջանում։ Ջրի ու ցեխի հոսքը քանդել է կամուրջներ և քշել տարել է մարդկանց, մեքենաներ և նույնիսկ առանձին շինություններ։ Ըստ վերջին տվյալների՝ մոտ 220 մարդ է մահացել աղետի հետևանքներից։ Հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության կամ բախվում են խմելու ջրի և սննդի պակասին։
Վալենսիայի կառավարությունը քննադատության է ենթարկվել հորդառատ անձրևների հնարավոր հետևանքների մասին ուշ զգուշացնելու համար։ Թագավորության իշխանությունները նույնպես քննադատության են ենթարկվում, քանի որ բազմաթիվ բնակավայրեր մի քանի օր օգնություն չեն ստացել։ Որոշ շրջաններ մուտքը դեռ արգելափակված է, բանակը ներգրավված է փրկարարական աշխատանքներին:
Օդերևութաբանները, սակայն, զգուշացնում են, որ տարածաշրջանում սպասվում են նոր առատ տեղումներ, իշխանություններն էլ բնակիչներին խորհուրդ են տվել մնալ տանը և խուսափել ավտոմեքենայով ճանապարհորդելուց: