Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը երկուշաբթի՝ նոյեմբերի 4-ին, չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Այցի ծրագիրը, ըստ նախնական տվյալների, ներառում է հանդիպումներ ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, համատեղ մամուլի ասուլիս արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի հետ։
Բերբոքը Կիև է ժամանել վաղ առավոտյան հատուկ գնացքով: Սա նրա ութերորդ այցն է Ուկրաինա՝ պատերազմն սկսվելուց ի վեր: Վերջին անգամ Գերմանիայի արտգործնախարարն Ուկրաինա էր այցելել մայիսին։
«Ամբողջ աշխարհի բազմաթիվ գործընկերների հետ Գերմանիան ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին: Մենք կաջակցենք ուկրաինացիներին այնքան ժամանակ, քանի դեռ նրանք մեր կարիքն ունեն»,- Կիև ժամանելուն պես ասել է նախարարը։
Բերբոքի խոսքով՝ 170 միլիոն եվրոն, որը Գերմանիան հատկացրել է Ուկրաինային արտակարգ էներգետիկ օգնության համար, պատասխան է ջերմային կայաններին և էլեկտրահաղորդման գծերի ավերմանը: Իսկ աջակցությունը հակաօդային պաշտպանության ոլորտում, ըստ Բերբոքի, պատասխան է ռուսական անօդաչու սարքերի հարվածներին: