Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուին` նախագահի ընտրության երկրորդ փուլում տարած հաղթանակի կապակցությամբ։ «Հազվագյուտ ուժ էր պետք այս ընտրություններում Ձեր առջև ծառացած դժվարությունները հաղթահարելու համար»,- գրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը X սոցիալական ցանցում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես շնորհավորել է Սանդուին վերընտրվելու կապակցությամբ՝ ասելով, որ ժողովրդավարությունը «գերակայել է բոլոր միջամտություններին և մանևրներին»։ Ռումինիայի վարչապետ Մարչել Չոլակուն նշել է, որ եվրոպամետ նախագահի հաղթանակը «Մոլդովայի ժողովրդի կամքի վառ ապացույցն է՝ պաշտպանելու ժողովրդավարությունը և ապահովելու իրենց ուղին դեպի ԵՄ»։
Ըստ Լեհաստանի կառավարության ղեկավար Դոնալդ Տուսկի` ներկայիս նախագահը կարողացավ հաղթել «Մոսկվայի ֆավորիտին»՝ չնայած «նախագահի ընտրությանը Ռուսաստանի ագրեսիվ և լայնածավալ միջամտությանը»։
Ըստ վերջին տեղեկությունների` նախագահի ընտրության երկրորդ փուլում Մայա Սանդուն ձայների ավելի քան 10%-առավելությամբ հաղթել է Մոլդովայի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոյին, որը ներկայացնում է ընդդիմադիր ռուսամետ Սոցիալիստների կուսակցությունը։ Սանդուի օգտին քվեարկել է ընտրողների ավելի քան 55 տոկոսը, Ստոյանոգլոյի օգտին՝ 44,8-ը:
Նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուն Ռուսաստանին մեղադրել է քվեարկության գործընթացին «զանգվածային միջամտության» համար: Պաշտոնական Քիշնևը Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի մի քանի քաղաքների ընտրատեղամասերում ռումբերի մասին կեղծ ահազանգերը դիտարկում է «ռուսական շարունակական միջամտության մաս»:
Մոլդովայի իշխանությունները նաև հետաքննում են նախագահի ընտրությանը մասնակցելու նպատակով Մոսկվայից ինքնաթիռով ընտրողների հնարավոր կազմակերպված տեղափոխումը Ադրբեջանի, Բելառուսի և Թուրքիայի ընտրատեղամասեր։